Այսօր գիրք նվիրելու օրն է: Տոնական բարձր տրամադրությամբ գրադարանում էին Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները ՝ դասվար Մ. Գրիգորյանի ուղեկցությամբ: Միջոցառմանը ներկա էին ուսուցչուհիներ, ծնողներ և գրադարանի կրտսեր տարիքի ակտիվ ընթերցողներ: Նրանց ջերմորեն ողջունելով՝ գրադարանի օպերատոր Ռոզա Ավագյանն անդրադարձավ օրվա խորհրդին, աշակերտներին ներկայացրեց Հ. Թումանյանին որպես ամենագրքասեր բանաստեղծ, ում ծննդյան օրն էլ 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Նա ջերմ շնորհակալական խոսքեր հղեց տիկին Մ.Գրիգորյանին՝ գրադարանի հետ մշտական համագործակցություն ունենալու և երեխաների մեջ դեռ կրտսեր տարիքից գրքի և ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու համար: Իր առաքելությանը նվիրյալ ուսուցչուհին մեծ սիրով է տարիներ շարունակ երեխաներին փոխանցում իր հոգու ջերմությունը, կրթում ու դաստիարակում նրանց :
Միջոցառումն սկսվեց Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի բեմադրությամբ: Աշակերտներն այն ներկայացրեցին երաժշտական նորովի ու ժամանակակից լուծումներով: Հեքիաթն ավարտվեց բարի վերջաբանով: Նրանք հանդես եկան երգ ու պարով և, քանի որ հեքիաթները միշտ բարի ավարտ են ունենում,կատարեցին Լիդուշիկի «Բարի օր» երգը: Այնուհետև աշակերտները հանդես եկան հեքիաթներից ստացած ազնվության, աշխատասիրության, բարին գործելու ցանկության ամենաանկեղծ պատկերացումներով:
Միջոցառման ավարտին գրադարանի ակտիվ ըթերցողները ներկայացրեցին Թումանյանի քառյակները և բանաստեղծությունները, երգեցին Միլենան և Հեկտորը: Գրադարանավարուհի Հասմիկ Սահակյանը ընթերցեց գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի տարիներ առաջ՝ 1969 թվականին գրած ակրոստիկոսը՝ նվիրված Հովհ. Թումանյանի հարյուրամյակին։
Գրքի տոնին գրադարանը հյուրընկալել էր նաև Կեչուտի դպրոցի 1-ին դասարանի ուսուցչուհի Գ. Բալյանին և օտար լեզվի ուսուցչուհի Մ. Ստեփանյանին՝ իրենց երեխաներով հանդերձ. չնայած նրանք տառերը ամբողջությամբ դեռ չեն սովորել, բայց համարվում են փոքրիկ ընթերցողներ: Ջերմ ու բարի մթնոլորտում հյուրերը կիսվեցին սեփական կարծիքներով և խոստացան հաճախակի մեզ հյուր գալ:
Բոլոր երեխաները մեծ տպավորություն ստացան միջոցառումից և գրադարանի կողմից որպես նվեր ստացան Զ. Սարգսյանի «Շուտ մեծանամ» և Մ. Սահակյանի «Տիեզերքը հավքի թևին» մանկական բանաստեղծությունների գրքերը:
Շնորհակալություն ենք հայտնում Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, գրադարանի ակտիվ ընթերցող Վահրամ Պողոսյանին, ուսուցչուհի Մերի Ստեփանյանին և Ձախափի կրթահամալիրի մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Հովսեփյանին՝ գրադարանին գրքեր նվիրելու համար:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն