Գրադարանի պատմությունը և մենք


Ջերմուկում գրադարան սկսել է գործել 1954 թվականից: Այն գտնվում էր հանքային ջրի մայր գործարանի տարածքում կառուցված երկհարկանի շինության առաջին հարկում: Այնուհետև այն տեղափոխվեց և սկսեց գործել Վարդանյան փ. 1 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում: Շուրջ 40 տարի՝ այդտեղ աշխատեց վաստակաշատ գրադարանավարուհի Լաուրա Խաչատրյանը:
Ջերմուկի քաղաքային համայնքում մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը գործել է երեք գրադարան. աջափնայկում, Ձախափնյակում և Կեչուտ գյուղում: Թե Աջափնյակի և թե Ձախափնյակի գրադարանները գործում էին բնակելի շենքերի առաջին հարկերի հարմարեցված տարածքներում, դրանք խոնավ էին, իսկ աջափնյակինը` նաև արևազուրկ: Կեչուտի գրադարանը տեղավորված էր մշակույթի տան երկրորդ հարկում: Տանիքը քայքայված է, ջեռուցում ապահովելը՝ անհնար: Երեք գրադարաններում էլ շենքային պայմանները թույլ չէին տալիս իրականացնել քաղաքացիների պատշած սպասարկում: Դրանք կարգի բերելու համար պահանջվող գումարների տրամադրումը անհեռանկար էր, քանի որ վերին հարկերի բնակարաններից պարբերաբար թափվող ջրերը զգալի վնաս էին հասցնում և հետագայում ևս կհասցնեին գրադարանի սպասարկման մակերեսներին և գրքերին:
Ջերմուկի բնակչության հիմնական մասը կենտրոնացված է Ձախափնյակում: Տարեց-տարի աջափնյակի բնակարանները վաճառվում են դրսեկ անձանց, վաճառողները տեղափոխվում և բնակություն են հաստատում Ձախափնյակում: Դրսեկ անձինք լավագույն դեպքում Ջերմուկ են այցելում միայն ամռան ամիսներին և գրեթե գրադարան չեն այցելում: Կեչուտ գյուղի գրադարանի այցելությունները հատուկենտ էին, գրքատացքը՝ նվազագույն: Այնպես որ, ոչ միայն շենքային անհամապատասխան պայմանները, այլ նաև ընթերցողների թվի աստիճանական նվազումը անհեռանկար էին դարձնում աջափնյակում և Կեչուտում գրադարան ունենալը: Ջերմուկի աջափնյակ և ձախափնյակ մասերը և Կեչուտ գյուղը գտնվում են մոտ տարածքներում, ներքաղաքային տրանսպորտային կապը ակտիվ է ու անխափան, Ջերմուկը մեկ համայնք է և ավելի լավ էր ունենալ մեկ գերազանց պայմաններով, իր բովանդակությանն ու առաքելությանը համապատասխանող, Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներին ցուցադրման արժանի գրադարան, քան 60-ական թվականներին մի կերպ հարմարեցված գրադարաններ: Համայնքի մշակութային հարստությունը կազմող գրադարանային հավաքածուն վերջնական ոչնչացումից փրկելու և ի նպաստ բնակչության՝ արդյունավետ օգտագործելու մտահոգությամբ էլ ծրագրվեց հատկացնել նոր շենքային պայմաններ՝ վերին հարկերի օգտագործողներից ազատ ու անվտանգ: Ձախափնյակի մանկապարտեզի չօգտագործվող հատվածը վերակառուցելու և որպես գրադարան օգտագործելու նպատակով համայնքի ղեկավարի միջնորդությամբ պետական բյուջեից տրամադրվեց ֆինանսական օգնություն և իրականացվեց նոր գրադարանի ստեղծումը: Այն ունի ընթերցասրահ և գրապահոց, բավարար ջեռուցման համակարգ, կահավորված է հարմարավետ կահույքով, համակարգչային տեխնիկայով, ապահովված է ինտերնետ կապով: Արդեն գրադարանի կայքէջում տեղադրված են նաև գրականության ամբողջ հավաքածուի ցուցակները և այն հասանելի է ցանկացած հետաքրքրվողի համար: Բավական է այցելել jermukuigradaran.am : Դա մեծագույն ջանքերով իրականացրել են գրադարանի ընդամենը երեք աշխատակիցները՝ զուգահեռաբար բարեխղճորեն կատարելով նաև սպասարկման, գրքերի վերանորոգման, հաշվառման, վերադասավորման աշխատանքները: Վերջին երեք տարվա ընթացքում ինչպես տեղական բյուջեից հատկացված գումարներով, այնպես էլ նվիրատվություններով ստացվել են նոր գրքեր, որոնց ցուցակները դարձյալ տեղադրվել են կայքում: Համացանցի ընձեռած հնարավորությունների առկայության պայմաններում անգամ գրադարանից օգտվողների թիվը աճել է գրեթե երեսուն տոկոսով: Նրանցից կրտսերը յոթ տարեկան է, ավագը՝ յոթանասունհինգ: Առաջիկայում աշխատանքներ կտարվեն գրականության թեմատիկ ցանկեր կազմելու և հրապարակելու ուղղությամբ: Գրադարանավարի օրվանն ընդառաջ շնորհավորանքի, գնահատանքի, երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր ասենք նրանց՝ ՀԱՍՄԻԿ ԱՀԱԿՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՌՈԶԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ: Իրեց երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Ջերմուկի քաղաքապետի կողմից շնորհակալագրերով ու նվերներներով խրախուսվեցին Անահիտ Հակոբյանը և Հասմիկ Սահակյանը: Շնորհավորանքի ու երախտիքի մեր ջերմ խոսքերը այժմ վաստակած հանգիտը վայելող տիկին ԼԱՈՒՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ում աշխատանքային կենսագրությունը սկսվել, քառասուն տարի շարունակվել ու ավարտվել է որպես գրադարանավարուհի:

ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Գրադարանի տնօրեն

Աշխատանքային ժամ