❤ <<ՄԱՆԿԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՀՈԳՈՎ ՄԱՆԿԱՆԱ...>> ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ (մանկական գրքի միջազգային օրվա կապակցությամբ) ❤ 02.04.2021 թ.

 

Զեմֆիրա Սարգսյանի մանկական բանաստեղծությունները և հեքիաթները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են ընթերցվում երեխաների, մայրիկների, տատիկների կողմից:

Ձեզ ենք ներկայացնում մանկագիր, արձակ և չափածո ստեղծագործությունների հեղինակ, Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն՝ տիկին Զեմֆիրա Սարգսյանի հարցազրույցը նվիրված մանկական գրքի միջազգային օրվան:

Հարց ․- Ինչպե՞ս են ծնվել Ձեր մանկական բանաստեղծությունները և հեքիաթները: Ո՞ր տարիքից եք ստեղծագործել, ինչո՞վ եք ոգեշնչվել:

Պատասխան ․- 2012 թ․ ապրիլից իմ խնդրանքով ազատվեցի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնից և նշանակվեցի քաղաքային գրադարանի տնօրեն։ Ակնհայտորեն նվազեց մտավոր աշխատանքի լարվածությունը։ Ես ավելի շատ ժամանակ գտա լինելու թոռնիկներիս հետ թե տանը և թե գրադարանում։ Որոշեցի նրանց զբաղեցնել իրենց մասին գրված ոտանավորներով ու հեքիաթներով։ Այդպես օր-օրի ծնվեցին մի շարք հեքիաթներ ու ոտանավորներ, որոնցում գործող անձիք թոռնիկներս են՝ Ռիման, Մերին, Անին, Դավիթը, Ռոբերտը, ինչպես նաև ինձ մոտ ու հարազատ այլ երեխաներ։ Ես արդեն 60 տարեկան էի․․․

Հարց ․- Հրատարակված գրքեր ունե՞ք:

Պատասխան ․- Այո։ 2013 թ․ հրատարակվել է առաջին գիրքս, որում ընդգրկված են յոթ հեքիաթներ։ Հետագայում գրվել են ևս հինգը։ 2020 թվականին տպագրվեց վիպակներիս ու պատմվածքներիս ժողովածուն, իսկ 2021 թվականի փետրվարին՝ մանկական բանաստեղծություններիս երկլեզու՝ հայերեն և ռուսերեն, գիրքը հայտնի նկարչուհի Նաիրա Ահարոնյանի գրավիչ նկարազարդումներով։ Ռուսերենով թարգմանությունները կամովին կատարել է իմ ՖԲ ընկեր Սոֆյա Պետրոսյանը։ Նա երկար տարիներ բնակվում է Տալլինում և համացանցից է հետևում իմ գրառումներին։

Հարց ․- Ի՞նչ եք փոխանցում դպրոցական կրտսեր տարիքի երեխաներին հեքիաթների միջոցով:

Պատասխան ․- Իմ հեքիաթները հասցեագրված են նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Դրանցում պահպանված են հեքիաթին բնորոշ բաղադրիչները՝ հրաշապատումը, ուսուցողականը, ճանաչողականը, դաստիարակչականը։ Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և միշտ էլ ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում մանկավարժներին ու ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով: «Խոսող գաթաները», «Ով էր մեղավոր», «Պատժված ընտանիքը» հեքիաթները ընտանիքում հարազատ քույրերի ու եղբայրների համերաշխության, միմյանց սիրելու և օգնելու, խաղաղ ապրելու մասին է, «Ոսկեծամիկ աղջիկը» հեքիաթում պատմվում է, թե ինչ կարող է կատարվել ուտելուց առաջ ձեռքերը չլվանալու, ավելին` եղունգները կրծելու վատ սովորության պատճառով: Չի կարելի լաց լինելով պահանջել այն, ինչ մեծերը հարմար չեն գտնում` բացատրում են «Վարագույրի աղջիկները» հեքիաթի` խելացի ու գեղեցիկ աղջիկները: Տխուր իրավիճակներում է հայտնվում բոլորին մշտապես հակառակվող տղան «Թարսիկ Ներսիկը» հեքիաթում, լավ է, որ ամեն ինչ բարի ավարտ է ունենում: Շատ խիստ պատիժ է ստանում Գոռը շրջապատի ճնճղուկներին հալածելու համար, զղջում է ու բարեկամանում նրանց հետ: Հիվանդ պապիկ-տատիկների նկատմամբ թոռնիկների անսահման սիրո ու հոգատարության գողտրիկ պատմություն է «Քաղցրիկն ու Թթվաշիկը» հեքիաթը: Բոլոր հեքիաթներում բնության, շրջապատի, հարազատների նկատմամբ սերն ու հոգատարությունն է գովերգվում:

Հարց ․- Ինչպե՞ս եք գրավել ձեր ընթերցողներին:

Պատասխան ․- Կարծում եմ այն բանով, որ սյուժեները մեր առօրյա կյանքից են և դրանք պատմվում են երեխաներին մատչելի բառապաշարով ու նրանց մտածելակերպին համահունչ։

Հարց ․- Արդյո՞ք ինտերնետը, նորանոր մուլտֆիլմերը, տարատեսակ հաղորդումները այսօր չեն կտրում մանուկ սերնդին գրքից:

Պատասխան ․- Հենց մեր գրադարանի առօրյան հուշում է, որ կա երեխաների մի շերտ, որին համացանցից օգտվելուն զուգահեռ ձգում է նաև պարբերաբար գիրք կարդալը։ Ընթերցողների յոթանասուն տոկոսը մինչև տասնհինգ տարեկան դպրոցականներն են։

Հարց ․- Ի՞նչ խորհուրդ կտաք մանկագիրներին:

Պատասխան ․- Մանկագիրը պետք է հոգով մանկանա, կանգնի երեխաների կողքին, հասկանա նրանց հետաքրքրությունները, ասելիք ունենա և այդ ասելիքը շարադրի պարզ ու հասկանալի արտահայտություններով, լինի բնական ու առօրեական, զգուշանա վերամբարձ ու արհեստական բառերից ։ Մի առիթով խրթին բառերի ու արտահայտությունների ծաղկաքաղ եմ արել ժամանակակից գրողների՝ կրտսեր տարիքի համար գրված բանաստեղծություններից։ Ահա այդ ծաղկաքաղը առանց միջամտության և առանց մեկնաբանության. «տարաշխարհիկ, ավիացիա, նավիգացիա, դեպարտամենտ, էնդեմիկ, ֆլորա, բնությունը վերասերվելուց, հիդրոպոնիկական, երկինքը անծիր, փարավոնների ծաղկուն շրջան, արփիացնցուղ գուրգուրանք, ադամալույս, ավշաբույր քամի, արևառ բակ, յոթնալույս ժպիտ, գողտր աչքերով, բուխ սրտով, գունազարդված ադամալույսի կանչող հայացքով, ծաղիկներս՝ բազմաթույր, վրձնեմ հրաշք ծաղիկներս, որ հավերժեն միշտ սիրով, վարդամատիկ առավոտ, աղվաշ խոպոպիկներ, հածում հեքիաթի անիմանալի տիրույթներում, պարելով վարթևում, կյանքի կեղծապատիր օվկիան, աղջիկները արևաչվի, թարթափում աչքերդ , բիլ աչքեր, թասուն աչիկներ, դարաճամփորդ կռունկ, ասմազուն երկինք, ինչու՞ ես գրկել թախիծն անանու՜ն, ես փութակի տեղից թռա, հողի ծարավն եմ հագուրդում…, Եվ օրվա խոցված կոպերի ներքո…, Այստեղ մահը ու կյանքը, գոյն ու չգոյը միասնական են, անփշրելի… և այլն, և այլն»:

Հարց ․- Ի՞նչ ծրագրեր ունեք կապված նոր գրքերի լույս ընծայման հետ:

Պատասխան ․- Եթե նախապես խոսում եմ իմ ծրագրերի մասին՝ դրանք չեն կատարվում։ Չասեմ, որ՝ կատարվեն․․․Գիրք հրատարակելը բախվում է բազմաթիվ անկանխատեսելի խոչնդոտների հետ, որոնք պետք է հաղթահարել։

Հարց ․- Ձեր բարեմաղթանքը ընթերցողներին:

Պատասխան ․- Խաղաղ երկինք ու երկիր, հանդիպում հետաքրքիր գրքերի հետ, ամենուր և ամեն ինչում՝ հաջողություններ։

 

Ռոզա Ավագյան

 

 

 

 

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details