Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հարցազրույցը Իրատես.ամ-ին 26.07.2019 թ.

 

Իրատես.ամ  «Նախկինում գրադարան գործել է և՛ աջ ափում, և՛ ձախ ափում»

 

Գրադարանային հավաքածուն համալրելու մեխանիզմների, շենքային պայմանների, գրադարանային միջավայրը արդիականացնելու, ինչպես նաև Ջերմուկի աջափնյակում այլևս չգործող գրադարանի մասին է մեր զրույցը Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:


-Տիկին Սարգսյան, ի՞նչ պարբերականությամբ է համալրվում գրադարանը նոր գրքերով: 
-Ջերմուկի քաղաքային գրադարանի հավաքածուն համալրելու կոնկրետ պարբերականություն չկա: Ամեն տարի համայնքի բյուջեում որոշակի գումար է նախատեսվում` 500000 դրամից մինչև 1000000 դրամ: Տարվա ընթացքում գրքերի ընտրություն ենք կատարում հրատարակչությունների հրապարակած գրացուցակներից: Այս տարի գրքեր ենք ձեռք բերել «Անտարես» հրատարակչությունից, Ջերմուկի գրախանութից: Արդեն կազմել ենք նոր գրքերի պատվեր՝ «Էդիտ պրինտ» հրատարակչությունից գրքեր ստանալու համար:
-Պահանջված գրքերը ձեռք բերելու ի՞նչ մեխանիզմներ կան: 
-Նախ` գրադարանավարները հաշվառում են հաճախակի պահանջվող, սակայն գրադարանի հավաքածուից բացակայող գրքերը: Ընթացիկ գնումներ կատարելիս մենք այդ գրքերը որոնում ենք հրատարակչությունների ու գրախանութների համացանցային գրացուցակներում, այդպիսիք լինելու դեպքում գնման հայտ ենք ներկայացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: 
-Գրքերի գնման ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հրատարակչություններից գնում է մի շարք գրքեր և դրանք բաշխում գրադարաններին: Գոհացուցի՞չ է նոր ծրագիրը: Ի՞նչ բացեր կան: 
-Նշված ծրագրից մենք օգտվում ենք միջնորդավորված ձևով` մարզային գրադարանի միջոցով: Մինչ օրս ստացել ենք նախորդ տարիներին հրատարակված և նախարարության պահեստներում կուտակված գրքերից: Ճիշտ կլիներ, որ այդ գրքերի ցուցակները առաքվեին գրադարաններ, և ընտրությունը կատարեին գրադարանները:
-Շենքային պայմանները գոհացուցի՞չ են: 
-Գրադարանը վերանորոգված և կահավորված է, ունի ջեռուցման անհատական համակարգ, սակայն գրապահոցը նեղվածք է, ընդարձակելու հնարավորություն կա. քաղաքապետարանը պլանավորել է կցակառույցով կրկնակի մակերես ապահովել: 
-Ի՞նչ թիվ են կազմում գրքերը:
-Մոտ 25000:
-Տարեկան քանի՞ ընթերցող է ունենում գրադարանը: 
-Գրադարանն ունի 650-700 ընթերցող (2018 թ.՝ 687 ընթերցող): 
-Գրադարանը նախկինում գործել է Ջերմուկի աջ ափում, և բնակիչների շրջանում կա դժգոհություն, որ գրադարանի նախկին տարածքը այլ նպատակի են ծառայեցրել` գրադարանը տեղափոխվելով ձախ ափ: Գուցե պետք է մասնաճյու՞ղ բացվեր տեղափոխության փոխարեն: 
-Նախկինում (մինչև 2011 թ.) գրադարաններ գործել են և՛ աջ ափում, և՛ ձախ ափում, երկու դեպքում էլ՝ բնակելի շենքերի առաջին հարկերում «ծվարած», առանց ջեռուցման ու խոնավության զգալի միջավայրում: Վերին հարկերի բնակիչների անփութության, ինչպես նաև ջրագծերի ու կոյուղագծերի վթարների հետևանքով զգալի վնասներ կրեցին գրադարանային հավաքածուները: Աջափնյակի գրադարանի ռուս գրականության դարակների գրքերը շարքից դուրս եկան: Մեղավորներին պատժելը մեր կորուստները հետ չէր բերի: Բացի այդ, աջ ափի բնակարանների 25-30 տոկոսը դարձել են սեզոնային, այդ բնակարաններում միայն հուլիս-օգոստոս ամիսներին դրսեկ բնակիչներ են հանգրվանում, մյուսներում հիմնականում տարեցներ են բնակվում: Երեխաների թվի նվազման պատճառով տարիներ առաջ փակվել է մանկապարտեզը: Ներկայումս քննարկվում է աջ ափի դպրոցի գործել-չգործելու հարցը: Գրադարանի ընթերցողների թիվը 2010 թվականին ամսական 25-30 էր, միջին հաշվով՝ օրական մեկ ընթերցող: 2011 թվականից մինչ օրս ոչ մի ընթերցողի կողմից դժգոհություն չի եղել, քանի որ աջ ափ-ձախ ափ տրանսպորտային ակտիվ կապ կա: Աջ ափի ու ձախ ափի գրադարանները միավորվել են և գործում են ձախ ափի մանկապարտեզից առանձնացված, վերանորոգված ու կահավորված մասնաշենքում: Աշխատանքային ճկուն գրաֆիկով ներկա գրադարանը գործում է առանց հանգստյան օրերի ու ընդմիջման: Գրադարանի աջ ափի տարածքը մինչ օրս որևէ ձևով չի օգտագործվում, ավերված վիճակում է, և խոշոր ներդրումներ են պետք այն ինչ-որ նպատակի ծառայեցնելու համար:
-Ժամանակակից ի՞նչ մեթոդներ եք կիրառում գրադարանն ավելի ինտերակտիվ դարձնելու, ընթերցող-գրադարան կապը ամրացնելու համար:
-Գրադարանը ունի բավարար թվով համակարգիչներ, տպող և բազմացնող սարքեր, ինտերնետ կապ, կայք և ֆեյսբուքյան էջ: Կայքում ներմուծել ենք ողջ գրադարանային հավաքածուն, լուսաբանում ենք գրադարանային միջոցառումները, նոր ստացված գրականությունը, գրադարանից օգտվելու կանոնները և այլն: Գրադարանում գրանցվելու պահին բոլորին տրվում է կայքի հասցեն և անհրաժեշտ տեղեկություն: Ընթերցողը որևէ գրքի առկայության մասին կարող է տեղեկանալ իր տանը կամ աշխատավայրում՝ օգտվելով կայքի որոնման համակարգից: 
Ի լրումն ասվածի՝ գրադարանի աշխատակիցները վերջին երեք տարիներին վերապատրաստում են անցել Ազգային գրադարանի «Վարպետաց դասեր» ծրագրով: 

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details