Ջերմուկի քաղաքային գրադարանը ձեռք է բերել վերջերս հրատարակված «ՍՅՈՒՆԻՔ – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» մատենաշարի 7-րդ գիրքը, որում ամփոփված են Վայոց ձորի պատմության և մշակույթի մեծ պատմագիր, բժիշկ Քաջբերունու՝ Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի, (1837-1920), «Ճանապարհորդական նկատողություններ» հոդվածաշարը, ժամանակի պարբերական մամուլում նրա այն հրապարակումները, որոնք վերաբերում են Վայոց ձորին, ինչպես նաև՝ հեղինակի մասին նյութեր: «Ճանապարհորդական նկատողություններ» երկում նկարագրված են Արևելյան Հայաստանի բազում վանքերը, ժողովուրդը, կենցաղը, ավանդույթները, հին ու նոր սովորույթները: Հետաքրքրությամբ են ընթերցվում «Դպրոցական գործը Շարուր-Դարալագյազի գավառում» հոդվածը, «Արյան վրեժը», «Հայկական սովորություններ» գրքից Վայոց ձորին վերաբերող հատվածները: Գրքում կան բազմաթիվ լուսանկարներ, անձնանունների ու տեղանունների ցանկեր և այլն:
Գնդեվազի և Գնդեվանքի հիմնադրման պատմական փաստերի շարադրանքի մեջ հանդիպում ենք Որոտան (Բազարչայ) գետի մասին հետևյալ վկայությանը .
Էջ 114 – Գնդեվանքի առաջնորդ հայր Սարգիսը 1004 թվականին «մեծ աշխատությամբ և ծախքով բերում է առվակ Ձկնարած քաղցրահամ գետի ակունքներից վանական անդաստանները ջրելու համար: Հայր Սարգիսը սևադեղով արձան է գրում եկեղեցու վրա, մեծամեծ նզովքներով փակում է, որպեսզի ոչ ոք չհամարձակվի կտրել ջուրը կամ բաժին հանել նրանից: Թեև այս արձանագրության նշանը անգամ չէ երևում այժմ, բայց առվակի արդյունալից օգուտը մինչև ներկան տարածվում է Գնդեվազ գյուղի բնակիչների վրա: Հին Ձկնարած գետը ներկայումս կոչվում է Բազարչայ. Բազար գյուղի ավերակներից, որ նրա ակունքների մոտ է: Բազարչայը առնելով իր սկիզբը Գնդեվազից դեպի արևելք գտնվող բարձր, դիտավոր սարից՝ գնում է դեպի Ղարաբաղ: Դրա ակունքի ձախ ափից ահա բերվել է Գնդեվազի առվակը»:
Տնօրեն ` Զեմֆիրա Սարգսյան
Մեկնաբանություն