ՏՈՂԵՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ» ՎԵՊԻՑ

ՏՈՂԵՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ» ՎԵՊԻՑ 
( Փաշինյան Նիկոլ, «Երկրի հակառակ կողմը», վեպ: Եր., Անտարես, 2018.-384 էջ: 


Վեպի անոտացիան – տպագրվել է 2008 թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանը ընդհատակում էր և նրա գտնվելու վայրը հայտնի չէր:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Փաշինյանը 2008 թ. մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել: Ինքը՝ Փաշինյանը պնդում է, որ ընդհատակում գտնվելու ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չի լքել Հայաստանը):

ԿՅԱՆՔԻ ԳԾԻ ՄԱՍԻՆ
*** «…մարդ պետք է ապրի իր երկրային առաքելությանը համապատասխան, երազի արդյունքների և չմտածի հետևանքների մասին:»
*** «Խնդիրը հենց դա է. հասկանալ, թե որն է քո երկրային կյանքի առաքելությունը: Ինչպես Կոելյուն է ասում՝ մարդ պետք է կարողանա գտնել իր կյանքի գիծը և հավատարիմ մնալ դրան: Գիտես, երևի իսկապես յուրաքանչյուր մարդու համար մի ինչ-որ տեղ գանձ է թաղված, և նա այդ գանձը կգտնի իր կյանքի գծին, առաքելությանը հավատարիմ մնալու դեպքում: Ուղղակի խնդիրն այն է, որ մարդիկ շատ հաճախ, այսինքն՝ գրեթե միշտ, գանձ ասելով գանձ էլ հասկանում են:»
*** «Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ մարդ իր կյանքի գիծը փնտրելու կարիք չունի. Այն ծնվում է իր հետ: Խնդիրն այդ գծին հավատարիմ մնալն է, դա չժխտելը:
- Դա ինչպե՞ս է արվում:
- Շատ պարզ. ուղղակի ապրում ես այնպես, ինչպես սիրտդ է թելադրում: Իհարկե, երբեմն գայթակղությունների ես տրվում, սխալվում, որից հետո խիղճդ տանջում է. դա նշանակում է, որ պիտի չանես այլևս այդպիսի բաներ: Հենց այստեղ էլ կանգնում ես ընտրության առաջ. Անել այն, ինչ հե՞շտ է, թե՞ այն, ինչ ճիշտ է:»

ԻՍԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
*** «Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:»
*** «Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ և չպետք է ունենա իշխանություն:»
*** «Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում: Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության: Իսկական հեղափոխականը պետք է մաքրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետներն այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին, և իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին:»
*** «Իսկական հեղափոխականը չպետք է կորցնի զգոնությունը հեղափոխության հաղթանակից հետո, որովհետև հեղափոխության հաղթանակը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանությամբ:»

ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԻ ԲՈՒՅՐԸ
*** «…ամենանուրբն ու սիրելին լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը:»
*** «Գյուղի օդում իսկապես կախված էր լավաշի բույրը, և ինձ թվաց, թե դեռ մայրուղում եմ զգացել այն, այդ պատճառով էլ ընտրել եմ հատկապես այս գյուղը: Ես գտել էի այն գյուղը, որտեղ այդ օրը լավաշ են թխել, բայց ինձ պետք էր այն տունը, որտեղ այդ պահին լավաշ են թխում:»
*** «Դեմքս թաղեցի իմ լավաշի մեջ՝ այն բուրում էր զգլխիչ բույրով: Ես կլանում էի, շնչում էի լավաշի բույրը, հոտոտում էի լավաշը, շոշափում էի: Լպստում էի իմ լավաշը, թաղված էի նրա կանչող բույրի մեջ: Լավաշը մեղմորեն ու անշտապ հալվում էր լեզվիս վրա, վայելում էի այն: Երջանիկ էի, դա իմ երջանկության բույրն էր, դա իմ երջանկության համն էր, դա շոշափելի էր դարձնում երջանկության իմ զգացողությունը:»

Հ.Գ. Ես ընթերցեցի վեպը: Անկեղծ ասած, այնքան կենդանի ու պատկերավոր է նկարագրված վեպի գլխավոր կերպարի «Շուրջերկրյա ճանապարհորդությունը»՝ տարբեր պետություններով երթուղին, հանգրվանները (Վրաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Կուբա, Ճապոնիա և այլն), հանդիպած մարդիկ, որ ավելի հակվում ես հավատալու ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությանը, քանի որ վեպը շարադրված է առաջին դեմքով, հեղինակը գլխավոր գործող անձին նույնականացնում է սեփական անձով, չեն փոխված շրջապատի մարդկանց, նույնիսկ երեխաների անունները:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝
    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Հայ ժողովրդական հեքիաթներ
    Սենտ Էքզյուպերի - Փոքրիկ Իշխանը
    Ակյան Ֆ. - Արև և լուսին քույրերը, Կարիճ, Հեքիաթներ
    Փաշինյան Ն. - Չար տնակի հեքիաթը

    Միջին և բարձր տարիք՝

    Պաուլո Կ. - 11 րոպե
    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Աննա Ֆրանկի օրագիրը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Բալասանյան Գ. - Պատուհանի տակ ծղրիդն է կանչում
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Պետրոսյան Վ. - Երկեր /Վերջին ուսուցիչը/
    Խորհուրդ և սեր

     

     

     

Մեկնաբանություն

news_details