Հոկտեմբերի 7-ին Ջերմուկի քաղաքային գրադարանի աշխատանքային օրն սկսվեց տոնական տրամադրությամբ: Գրադարանավարներին շնորհավորելու և նրանց մասնագիտական տոնն առավել գեղեցիկ դարձնելու նպատակով ծաղկեփնջերով գրադարան այցելեցին Ձախափի թիվ 2 դպրոցի 3-րդ Բ դասարանի աշակերտները իրենց դասվար Աննա Օհանջանյանի ուղեկցությամբ: Ուսուցչուհին ներկայացրեց բաց դաս և ընթերցանությունը աշակերտների մեջ խթանելու համար հետաքրքիր հարցադրումներով` նրանց ցույց տվեց իրական գրքերի աշխարհը, որ կոչվում է գրադարան: Գեղեցկադեմ Սյուզաննա Հարությունյանը ասմունքեց Ս. Կապուտիկյանի <<Հարստություն>> բանաստեղծությունը, իսկ Յանա Սահակյանը` սահուն ու գեղեցիկ, իր ընկերների համար պատմեց Հովհ. Թումանյանի <<Անտառի տնակը>> հեքիաթն ու մեկնաբանեց այդ հեքիաթի խորհուրդը: Երեխաները մեծ թղթերի վրա նկարել էին իրենց սիրելի հեքիաթների հերոսներին և մեկնաբանելով` խորհուրդ էին տալիս ընթերցել տվյալ հեքիաթը: Աշակերտներից մի քանիսը վերագրանցվելով՝ կրկին գրադարան այցելելու և գիրք վերցնելու հնարավորություն ունեցան: Ուսուցչուհին իր գոհունակությունն հայտնեց գրադարանի աշխատակիցներին՝ իր աշակերտներին գրքեր տրամադրելու և բարեհամբույր սպասարկելու համար: Գրադարան էր այցելել նաև բարձր տարիքի ընթերցող Մանուշակ Սարգսյանը և իր բարեմաղթանքները հղելով՝ գրադարանին նվիրեց գրքեր: Տոնական օրն ամփոփեցին Կեչուտի միջին դպրոցի աշակերտուհիները: Նրանք եկել էին շնորհավորելու գրադարանավարներին: Ասմունքեցին Պ. Սևակի, Հովհ. Շիրազի, Հ. Սահյանի, Շ. Ազնավուրի բանաստեղծությունները, ինչպես նաև ընթերցեցին աֆորիզմներ գրքին ու ընթերցանությանը նվիրված: Իր անակնկալ այցով գրադարանավարներին հաճելիորեն զարմացրեց Կեչուտի գրադարանի նախկին գրադարանավարուհի Անահիտ Ստեփանյանը: Կլոր սեղանի շուրջ նրա թոռնուհին՝ Անահիտ Ստեփանյանը մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղեց գրադարանի ողջ աշխատակազմին և հանձնեց դպրոցի շնորհավորհագիրը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրենի ժ/պ Ռոզա Ավագյանը՝ ներկայացնելով գրադարանի ամբողջ տարվա կատարած արդյունավետ աշխատանքի ցուցանիշները, որոնք ձեռք են բերվել ընթերցողներին բավարար գրքերով ապահովելու, գրքային հավաքածուն համալրելու և նաև ընթերցողների քանակն ավելացնելու ջանքերով: Նա հույս հայտնեց, որ գրադարանավարի տոնն ամեն տարի գրադարանում նշելը ընթերցողների համար կդառնա բարի ավանդույթ:
Մեկնաբանություն