Նոյեմբերի 21-ին քաղաքային գրադարանի լեփլեցուն ընթերցասրահում լուսաբանվեց Գարեգին Նժդեհի <<Որդիների պայքարը հայրերի դեմ>> գիրքը, որը հրատարակվել է 2019 թվականին <<Սասնա ծռեր>> համահայկական շարժման անդամների նախաձեռնությամբ: Գրքում ներկայացված են Նժդեհի հայրենասիրական, ազգի ինքնապահպանման գաղափարները և նրա ինքնակենսագրականը: Գրքի մասին ամբողջական նկարագրությամբ հանդես եկավ Վարուժան Ավետիսյանը` ներկայացնելով Նժդեհին որպես մարդ, հայրենասեր, պետական գործիչ և հերոս: Այս գիրքը հասցեագրված է հատկապես հայ երիտասարդներին, ովքեր իրենց հայրենիքի տերն են և իրենց հոգում պետք է լինի Նժդեհի ոգին:
- Գ. Նժդեհի գաղափարախոսությունը երբեք չի կարող կորցնել իր արդիականությունը, այն ազգի ինքնաճանաչման ու ինքնապահպանման ամենազորեղ ուժը կարող է լինել,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Գրքի մասին արտահայտվեց նաև պատմության ուսուցչուհի Գայանե Կարապետյանը.
-Նժդեհը ոչ միայն տարածել է հայրենասիրական գաղափարներ, այլև եղել է բարոյական մարդու կերպար: Դպրոցներում առաջին հերթին մենք ոչ միայն երեխաներին տալիս ենք հայրենասիության դասեր, այլև նրանց մեջ բարձրացնում ենք մարդկային որակը, դաստիարակում և կրթում այնպես, որ լինեն հայրենիքին պիտանի մարդիկ:
Գրքի մասին եղան նաև այլ արտահայտվողներ, որից հետո Վարուժան Ավետիսյանը գրքեր նվիրեց գրադարանին, ուսուցչուհիներին և մյուս ընթերցասերներին:
Մեկնաբանություն