Արվեստի շնչով ողողված հյուրընկալ գրադարանում այսօր բարություն, ժպիտներ, զարմանք ու հիացմունք պարգևեցին Ջերմուկի Շառլ Անզնավուրի անվան արվեստի դպրոցի տաղանդաշատ սաները։ Նրանք մասնակցել էին <<Արտ Մյուզիք>> 13-րդ միջազգային մրցույթ փառատոնին և արժանացել 1-5 -րդ կարգի մեդալների։ Մեր համագործակցության նպատակն էր ոգևորել արվեստասեր սաներին և արժևորել մշակույթի ու արվեստի դերը հասարակության կյանքում։ Գրադարանը որպես մշակութային օջախ` նույնպես հանդես եկավ արվեստի բոլոր ճյուղերի գրքային ցուցադրությամբ։
Ներկաներին ողջունեց <<Մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Թադևոսյանը` շնորհավորհանքի և բարեմաղթանքի խոսքեր հղելով աշակերտներին: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Հասմիկ Սահակյանը:
Կիրառական արվեստում և նկարչության ոլորտում իրենց երկարամյա նվիրական աշխատանքի համար մեծարանքի ու գովասանքի արժանացան դասատուներ՝ ՀՀ ժողովրդական վարպետ, փայտափորագրության դասատու Կամո Վարդանյանը, ասաղնագործության դասատու Անահիտ Նահապետյանը, նկարչության դասատու Հարություն Հովհաննիսյանը, երաժշտության դասատու Ժասմենա Խաչատրյանը։
- Ցուցահանդեսում ներկայացված են 6-15 տարեկան աշակերտների ձեռքի աշխատանքերը։ Այս հրաշալի ցուցադրությունը թիմային աշխատանքի արդյունք է և տիկին Մանուկյանը, լինելով մասնագիտությամբ երաժիշտ, միշտ օժանդակում է մեզ , որի արդյունքում դպրոցն ունենում է նմանատիպ հաջողություններ,- իր խոսքում նշեց Կամո Վարդանյանը։
Սաներին և ծնողներին շնորհավորական խոսքեր հղեց Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը, ում թոռնիկը լինելով 6 տարեկան ևս արժանացել էր առաջին կարգի մրցանակի ՝ հպարտություն պարգևելով պապիկին։
Այնուհետև իրենց անզուգական կատարումներով ելույթ ունեցան երաժշտության դասատու Ժասմենա Խաչատրյանի սաները, ովքեր նույնպես մասնակցել են <<Արտ Մյուզիք>> միջազգային մրցույթ-փառատոնին և անհամբերությամբ սպասում են իրենց արդյունքներին։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Շառլ Անզնավուրի անվան արվեստի դպրոցի տնօրեն Գոհար Մանուկյանը։ Նա նշեց, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս համայնքում ակտիվացնել մշակութային կյանքը, բացահայտել շնորհալի երեխաներին, մարդկանց մոտեցնել արվեստին և ընդլայնել մրցույթի շրջանակը։ Շնորհավորեց դասատուներին ու սաներին։ Հավելեց, որ գրադարանի հետ համագործակցությունը կլինի շարունակական։
Սիրելի' ջերմուկցիներ, դուք դեռ հնարավորություն ունեք հիանալու արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքներով: Դրանք կցուցադրվեն ևս 2 օր: Սիրով սպասում ենք բոլորիդ։
Մեկնաբանություն