Գարնանաբույր տրամադրությամբ ու ժպիտներով այսօր գրադարան այցելեցին Ջերմուկի կրթահամալիրի 1-ին դասարանի աշակերտները դասվար Նունե Գևորգյանի ուղեկցությամբ: Արդեն տառաճանաչ մանուկներին ոգևորելու և դեպի ընթերցանությունը սեր արթնացնելու նպատակով, ուսուցչուհին նրանց բերել էր գրադարան` ծանոթանալու գրքերին և գրանցվելու որպես ընթերցողներ:
Նրանք հիացմունքով դիտեցին ցուցահանդեսում ներկայացված գեղեցիկ աշխատանքները, այցելեցին գրապահոց, որտեղ գրադարանավարուհու կողմից ստացան գիրքը սիրելու և խնամքով օգտվելու մասին խորհուրդներ:
Այնուհետև ուսուցչուհին երեխաներին բաժանեց մեսրոպյան այբուբենի տառերը և խնդրեց ներկայացնել: Նրանք խանդավառությամբ արտաբերեցին հնչյունները՝ նշելով բաղաձայն է, թե՞ ձայնավոր և կազմեցին տվյալ տառերով գեղեցիկ բառեր, որից հետո կատարեցին «Այբուբեն» երգը:
Վերջում երեխաները գուշակեցին մի քանի հանելուկներ և գրադարանի կողմից ստացան «Ներկիր ինքդ» ալբոմներ, ինչն անչափ ուրախացրեց նրանց:
Հանդիպումն ավարտվեց ջերմ մթնոլորտում:
Մեկնաբանություն